Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են էներգետիկ համագործակցությանն առնչվող խնդիրներ

90

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության դիվանագետ Ռուդիկ Յարալյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանի հետ։

Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ հանդիպումը կայացել է ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի միջև փոխադարձ պայմանավորվածության հիման վրա։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև էներգետիկայի և տնտեսության այլ ոլորտներին վերաբերող, ինչպես նաև Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման խնդիրները։