Վրաստանում մտադիր են աշնանը խորհրդարանական ընտրություններ անցկացնել

227

Վրաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում աշնանը խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար՝ չնայած կորոնավիրուսի սպառնալիքի պահպանմանը և դրա բացասական ազդեցությանը տնտեսության վրա: Այս մասին մայիսի 19-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտնել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան:

«Այսօր մենք լիովին մոբիլիզացված ենք COVID-19-ը հաղթահարելու, տնտեսությունը վերականգնելու և առաջիկա խորհրդարանական ընտրությունները հանգիստ պայմաններում անցկացնելու համար»,- ասել է Գախարիան՝ հավելելով, որ ընդդիմությունը փորձում է երկրի համար կրիտիկական ժամանակահատվածն օգտագործել իր «նեղ քաղաքական և անձնական» շահերի համար:

Միևնույն ժամանակ, Վրաստանի վարչապետը պատասխանել է ավելի վաղ դատապարտված նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային և պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ներում շնորհելու մասին հարցին:

«Ինձ համար շատ ծանր է, երբ անձը, որը մասնակցել է խորհրդարանի շենքի գրոհին (Օկրուաշվիլի) և անձը, որը երկրի բյուջեից հափշտակել է 50 միլիոն լարի (Ուգուլավա), արժանի է ներման միայն այն պատճառով, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ է, բայց բանտարկյալների ներումը նախագահի լիազորությունների շրջանակում է»,- ասել է Գախարիան: