Վրաստանում մայիսի 22-ից հետո արտակարգ դրության ռեժիմը չի երկարաձգվի

223

Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, որի ժամկետը լրանում է մայիսի 22-ին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։

Վրաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել 2020թ․ մարտի 21-ին՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում հանրային առողջությունը պաշտպանելու նպատակով։ Ավելի ուշ ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ ամսով՝ մինչև մայիսի 22-ը։

«Երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակի խորը վերլուծությունից հետո Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել՝ չդիմել երկրի նախագահին և խորհրդարանին՝ արտակարգ դրության ժամկետի երկարացման համար», — հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Միևնույն ժամանակ Գախարիան նշել է, որ արտակարգ դրության ռեժիմի չեղարկումը չի նշանակում, որ բոլոր սահմանափակումներն ու կանխարգելիչ միջոցառումները ևս կդադարեցվեն։ «Մենք կդիմենք խորհրդարանին, որպեսզի սահմանադրական մակարդակով հնարավորություն ունենանք պահպանելու ռիսկերի ղեկավարման համար անհրաժեշտ սահմանափակումները» , — հավելել է վարչապետը։