Իրանի ՆԳ նախարարն ու ևս 11 գործիչներ հայտնվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում

134

ԱՄՆ-ը սև ցուցակում է ընդգրկել Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիին և ևս 11 իրանցի գործիչների։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այս որոշման վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նման պատժամիջոցի կիրառման պատճառը վերջիններիս ներգրավվածությունն է մարդու իրավունքների խախտումներում։

Պոմպեոն ընդգծել է,  որ Ֆազլին հրահանգել է ոստիկանությանը՝ բռնություն գործադրել Իրանում ցույցերին մասնակցող ցուցարարների նկատմամբ, ինչը մարդու իրավունքների խախտումների պատճառ է հանդիսացել։

«Ֆազլիի և ռեժիմի նպատակն է՝ ճնշել խաղաղ ցույցերը և մարդկանց ազատ խոսքի իրավունքը։ Այդ հրահանգը բազմաթիվ ցուցարարների մահվան պատճառ է դարձել, որոնց թվում նաև՝ 23 երեխաներ», — նշել է պետքարտուղարը։

Վերոնշյալ զարգացումների պատճառով Ֆազլին ներառվել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության արտգործնախարարության պատժամիջոցների ցուցակում և այսուհետ իրանցի նախարարի ու նրա ընտանիքի մուտքը ԱՄՆ արգելված է։

Պատժամիջոցների ցուցակում է ընդգրկվել նաև Իրանի հետախուզության նախկին ղեկավար Ալի Ֆալլահիանը, ով, համաձայն Պոմպեոյի հայտարարության, նախկինում առնչություն է ունեցել այլ երկրներում տեղի ունեցած մահափորձերի և ահաբեկչական գործողությունների հետ։