Մայիսի 21․ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում

95

Regionmontor.com-ը ներկայացնում է մայիսի 21-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է մայիսի 20-ին արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։

Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացվել է 20․838 թեստ, որոնցից 972-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 23 դեպք, առողջացել է 1․092 մարդ։

Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 152․587 հաստատված դեպք և մահվան 4222 դեպք, առողջացել է 113․987 հիվանդ:

Ադրբեջանում մայիսի 21-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք, 1 հիվանդ մահացել է։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 3․749-ի։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է  2․340 մարդ, մահացել՝ 44-ը։ Ներկա պահին բուժում է ստանում 1․365 վարակակիր, որոնցից 42-ի վիճակը ծանր է, 60-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։ Ադրբեջանում մինչ օրս կատարվել է 252․496 ախտորոշիչ թեստ։

Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 8 դեպք, այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stocov.ge կայքը:  Այսպիսով, հաստատված 721-ից բուժվողների թիվը կազմում է 223, մահացածների թիվը՝ 12, իսկ բուժված անձանց՝ 485:

Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 3․614, ստացիոնարում բժիշկների հսկողության տակ է գնվում 316 անձ: Բացի դրանից, բուժում են անցնում նաև 3 քաղաքացիներ, ում վարակը հաստատվել է այլ երկրներում:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․392-ով՝ կազմելով 129․341: Վերջին մեկ օրում կորոնավիրուսով պայմանավորված մահվան  66 նոր դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 7․249։ Հիվանդներից 2․655 -ը գտնվում է ծանր վիճակում։  Մինչ օրս Իրանում 746․045 ախտրորշիչ թեստ է անցկացվել։

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 335-ով՝ հասնելով 5․606-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք։ Այսպիսով մահացածների ընդհանուր թիվը հասել է 70-ի։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից բուժվածների թիվն ավելացել է 162-ով և հասել 2․581-ի: Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 45․822 է:  Ներկա պահին Հայաստանում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 2․928 քաղաքացի։

Արցախի տեղեկատվական կենտրոնի հաղորդած տվյալների համաձայն՝  հանրապետությունում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 29 դեպք։ Ապաքինվել են 8, մեկուսացված են 69, թեստավորվել են 669 պացիենտ։ Մահվան դեպք չի արձանագրվել։