Լուսաբացին Թուրքիայում մի շարք քուրդ քաղաքական գործիչներ են ձերբակալվել

146
ձերբակալություն

Թուրքիայի Դիարբեքիրի դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում լուսադեմին ժամը 4։00-ի սահմաններում իրենց տներից ձերբակալվել են մի շարք քուրդ քաղաքական գործիչներ։

Հաղորդվում է, որ իրականացված օպերացիաների ժամանակ ձերբակալվել են «TJA» և «Rosa» կանանց միությունների ղեկավարներ ու անդամներ։ Ձերբակալվել են նաև քրդական «Ժողովրդավարական տարածաշրջաններ» կուսակցության (DBP-ԺՏԿ) նախկին համանախագահ Մեհմեթ Արսլանը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Օզլեմ Գյունդուզը, ԺԴԿ-ի տարածքային կառույցների ղեկավարներ ու կուսակցության այլ անդամներ։  

Նշվում է, որ ձերբակալություններից բացի, թուրքական ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել նաև «Rosa» կանանց միության Դիարբեքիրի Քայափընար շրջանում գտնվող շենքում, որտեղից առգրավվել են բոլոր փաստաթղթերը։

Ձերբակալությունների պատճառների մասին որևէ պարզաբանում կամ հայտարարություն չի արվել։