Մայիսի 22․ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում

888

Regionmontor.com-ը ներկայացնում է մայիսի 22-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է մայիսի 22-ին արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։ Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացվել է 33․633 թեստ, որոնցից 961-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 27 դեպք, առողջացել է 1․003 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 153․548 հաստատված դեպք և մահվան 4․249 դեպք, առողջացել է 114․990 հիվանդ:

Ադրբեջանում մայիսի 22-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 106 դեպք, 2 մարդ մահացել է, 59 մարդ առողջացել։ Ընդհանուր վարակվածների թիվը կազմել է 3․855։ 2․399 մարդ ապաքինվել է, 46 մարդ մահացել։ Բուժում է ստանում 1․410 մարդ, որից 48-ի վիճակը ծանր է, 61-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։ Կատարվել է 259.155 թեստ։

Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 2 դեպք, այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքէջը: Այսպիսով, հաստատված 723-ից բուժվողների թիվը կազմում է 209, մահացածների թիվը՝ 12, իսկ բուժված անձանց՝ 495: Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 3.259, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 323:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․311-ով՝ կազմելով 131․652: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 2․392 էր։ Նույն ժամանակահատվածում մահվան 51 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 7․300։ Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 66 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 102․276 : Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 100․564 էր։ 2․659 հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Մինչ օրս Իրանում 763․913 թեստ է անցկացվել։

Հայաստանում մայիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք: Մահացել է 4 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 5․928 է, մահացածների թիվը՝ 74: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում առողջացածների թիվը 293 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2874, փաստացի բուժվողներինը՝ 2952: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 47․654 քաղաքացի: Կորոնավիրուսով վարակված ևս 1 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով. մայիսի 22-ի դրությամբ գրանցված նման դեպքերի թիվը 28 է:

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ստացվել են թեստավորման ուղարկված ևս 44 փորձանմուշի արդյունքները: Կորոնավիրուսային վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, որոնք Շահումյանի շրջանի վարակակիրների նույն օջախից են՝ կոնտակտավոր անձանց շրջանակից: Մինչև օրս Արցախում գրանցվել է վարակման 33 դեպք, ապաքինվել 8 պացիենտ։ Մեկուսացված քաղաքացիների թիվը 69 է։ Ընդհանուր առմամբ 669 թեստ է անցկացվել։