Ադրբեջանում արգելափակել են ընդդիմադիր ԶԼՄ-ների և ադրբեջանցի հայտնի օգտատերերի ֆեյսբուքյան էջերը

477

Մայիսի 21-ից սկսած՝ Ադրբեջանի սոցցանցերի օգտատերերը իրենց ֆեյսբուքյան էջերում խնդիրներ են հայտնաբերել: Դա կապված է տեղեկատվության փոխանակումը դանդաղեցնելու կամ էջերը ամբողջությամբ արգելափակելու հետ:

Այսպիսով, ավելի քան մեկ ժամ ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության ֆեյսբուքյան էջը արգելափակված է եղել, իսկ կայքէջը մայիսի 15-ից սկսած երեք օր անընդմեջ ենթարկվել է «DDoS» հարձակման:

Ֆեյսբուքյան էջերում արձանագրած խնդիրների մասին նաև հայտնել են ադրբեջանցի բլոգեր Նաթիգ Աբիլովը, Ուլվի Հասանլըն, Ֆիքրեթ Ֆարազմազօղլուն և այլոք։

Վերջին շրջանում իշխանություներն սկսել են օգտագործել ռոբոտային թրոլլինգը, որը հարձակվում է ֆեյսբուքյան օգտատերերի էջերի վրա՝ գովաբանելով իշխանամետներին և հայհոյելով քննադատներին։

Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, որն ի դեպ համակարգում և ղեկավարում է էլեկտրոնային գործընթացների զարգացումը, ստեղծում է տպավորություն, թե ոչինչ տեղի չի ունենում:

Լրագրող Խադիջա Իսմայլովան այդ կապակցությամբ գրում է, որ հենց նախարարությունն է թույլտվություն խնդրել դատարանից, որպեսզի արգելափակի «Azadliq» ռադիոկայանի, «Turan TV» հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջերը:

Համացանցի ադրբեջանական տիրույթում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ իշխանությունը չի ցանկանում մեղմացնել խոսքի ազատության և տեղեկատվության սահմանափակումները: Դրա վառ ապացույցն է նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցը, որը արձանագրում է Ադրբեջանում տեղի ունեգող բացասական երևույթները, մասնավորապես այն. որ Ադրբեջանը խոսքի ազատության ցուցանիշով այժմ 168-րդ տեղն է գրավում: