Մայիսի 26-ը Վրաստանի անկախության օրն է

81

Այսօր՝ մայիսի 26-ին, Վրաստանը նշում է Անկախության օրը։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարի երկրի իշխանությունները որոշել են զերծ մնալ մեծամասշտաբ և մարդաշատ տոնական միջոցառումներից։ Մինչդեռ սովորական պայմաններում Անկախության տոնը Վրաստանում մեծ շուքով է նշվում․ կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ, ճանաչողական, կրթական, սպորտային և մշակութային միջոցառումներ։

Վրաստանի կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին հայտարարել է, որ համավարակի պատճառով հարկադրված են խուսափել լայնածավալ տոնական միջոցառումներից՝ մարդկանց կուտակումներ թույլ չտալու նպատակով։ Սակայն տոնն, այնուամենայնիվ, կնշվի տարբեր ձևաչափի փոքրածավալ միջոցառումներով։

Մայիսի 26-ը Վրաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն է։ 1918թ․ ստեղծված Առաջին Հանրապետությունը գոյություն ունեցավ միայն մինչև 1921թ․, երբ ՍՍՀՄ կազմում ստեղծվեց Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Վրաստանն իր անկախությունը վերահռչակեց 1991թ․ ապրիլի 9-ին՝ դուրս գալով ՍՍՀՄ-ից։