Ռուսական «Գազպրոմ»-ը 15 տոկոսով կնվազեցնի Վրաստան մատակարարվող գազի գինը

185

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դրական է արձագանքել ռուսական գազի գինը նվազեցնելու վրացական կողմի առաջարկին։

Ռուսական ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

«Հաշվի առնելով այն իրողությունները, որ մրցակցությունը (էներգետիկ շուկայում) սրվել է, իսկ նավթամթերքի գներն աշխարհում նվազում են, մենք այսօր վերանայել ենք «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագրի դրույթները, ինչն էլ, իր հերթին, կնպաստի գազի գնի նվազեցմանը: Առևտրային գաղտնիքից ելնելով՝ ես կոնկրետ թվեր չեմ նշի, կասեմ միայն, որ Վրաստան մատակարարվող գազի գինը նվազելու է մոտ 15 տոկոսով», հայտարարել էԹուրրնավան:

Հիշեցնենք, որ Վրաստանը դադարել էր «Գազպրոմ» ընկերությունից գազ գնել 2006 թվականին` Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության շրջանում: Երկիրը Ռուսաստանից շարունակում էր ստանալ միայն Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար:

2017 թվականին, սակայն, երկարատև բանակցություններից հետո, Մոսկվան և Թբիլիսին ի վերջո համաձայնեցին վերադառնալ դրամական հարաբերությունների: Սկզբում ռուսական ընկերությունը Հայաստան մատակարարվող գազի տարանցման մի մասը շարունակում էր վճարել հումքով, մյուս մասը` կայուն տարադրամով: 2018 թվականից Ռուսաստանն ու Վրաստանն անցան բացառապես ֆինանսական վճարումների մեթոդին:

2019-ին Վրաստան է ներկրվել 160 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը կազմում է ներքին սպառման մոտ 5 տոկոսը: Այս տարի ռուսական գազի մասնաբաժինը ներքին շուկայում կհասնի 8 տոկոսի: Վրաստանի կողմից սպառվող գազի առյուծի բաժինը շարունակում է մատակարարել Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը: