Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին

84

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր իր ելույթում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վրա:

«Օրերս Ալիևը հերթական ռազմատենչ հայտարարությամբ է հանդես եկել, ինչին հաջորդել է այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունը, որում պաշտպանության նախարարն ըստ էության խոստովանել է, որ 2016-ի ապրիլյան քառօրյան սանձազերծվել է Ադրբեջանի կողմից:

Ցանկանում եմ ընդգծել, որ ինչպես 90-ականներին, 2016-ին, այնպես էլ ցանկացած այլ պահի Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին: Մենք մեր ապրելու իրավունքի պաշտպանության առաջ չենք ընկրկելու՝ անկախ կուսակցության պատկանելությունից և քաղաքական հայացքների տարբերություններից»,- հայտարարեց Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ կարևոր է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս հայտարարությունների վրա, քանի որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Մինսկի խմբի ձևաչափով ընդունված երեք կարևոր սկզբունքներից մեկը, այն է՝ ուժի և ուժի սպառանալիքի բացառման սկզբունքը:

«Իմ համոզմամբ՝ միջազգային հանրությունը, առավել ևս այն միջազգային կառույցները, որոնք պատասխանատու են աշխարհում խաղաղության պահպանման համար, որոնք այս օրերին COVID-19 համավարակի հետ կապված հանդես են եկել լրացուցիչ հայտարարություններով, չպետք է անտարբեր լինեն նման հայտարարությունների հանդեպ, քանի որ անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերը և հանգեցնել նոր էսկալացիայի տարածաշրջանում, ուժգին պատասխան արձագանք է ստանալու և աղետալի հետևանքներ է ունենալու առաջին հերթին հենց Ադրբեջանի համար»,- վստահեցրեց Լիլիթ Մակունցը: