Թուրքական օդուժը Իրաքի հյուսիսում թիրախավորել է խաղաղ բնակիչներին, կա 2 զոհ

140

Մայիսի 30-ին Թուրքիայի զինված ուժերը հարձակվել են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) իրաքյան հենակետերի վրա։ Հարձակման արդյունքում Իրաքի Դոխուկ շրջանի Էլ-Ամադիա գյուղում երկու խաղաղ բնակիչ է սպանվել։

Հիմնական ռազմական գործողությունները կատարվել են Ավասին–Բասյան շրջանում, ինչից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՔԲԿ-ի բարձրաստիճան ղեկավարներից ոմանց «չեզոքացման» մասին։

Թուրքական օդուժը Իրաքի նշված տարածքները մի քանի օր շարունակ ռմբակոծել է։ Մայիսի 26-ին այդ հարվածներից զոհվել են «Քուրդիստանի ազատ կյանք» կուսակցության երկու զինյալներ և խմբավորմանը հարող ևս երեք անձ։

Թուրքական ավիացիան հաճախ է ակտիվություն ցուցաբերում Իրաքի հյուսիսում։ Վերջին ամիսների ընթացքում հարվածներ են հասցվել Մախմուրի մոտակայքում տեղակայված քուրդ փախստականների ճամբարներին, ռմբակոծվել են նաև Սինջարի հարակից բնակավայրերը, որտեղ հիմնականում եզդիներ են բնակվում։