Ադրբեջանի քաղաքացիներին կարգելվի դուրս գալ տնից հանգստյան օրերին

217

Ադրբեջանում կորոնավիրուսի դեպքերի թվի աճի հետևանքով իշխանությունները որոշում են կայացրել՝ կրկին խստացնելու հակահամաճարակային միջոցառումները։

Մասնավորապես որոշվել է լիովին արգելել քաղաքացիներին՝ դուրս գալ տներից յուրաքանչյուր շաբաթվա վերջին 2-3 օրերին։ Ամենօրյա ճեպազրույցում թեմային անդրադարձել է Ադրբեջանի կառավարության մամուլի խոսնակ Իբրահիմ Մամեդովը։ Նա տեղեկացրել է, որ միջոցառման վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն հունիսի 4-ին։

Ենթադրվում է, որ ուրբաթ երեկոյից մինչև երկուշաբթի առավոտ լիովին կարգելվի մարդկանց տեղաշարժը, այդ թվում՝ կդադարի գործել հանրային տրանսպորտը։ Կդադարեցվի բոլոր տեսակի հաստատությունների գործունեությունը՝ բացառությամբ արտակարգ ծառայությունների։ Կփակվեն հանրային սննդի վայրերը և, հնարավոր է, նույնիսկ դեղատները։

Ադրբեջանի տարածքային բժշկական ստորաբաժանումների կառավարման վարչության պետ Ռամին Բայրամլըի խոսքով՝ կարանտինային ռեժիմի խստացումը հարկադիր քայլ է, քանի որ նոր վարակակիրների թիվը շուրջ 200 անգամ գերազանցում է առողջացողների թվին։ Հանգստյան օրերին տնից դուրս գալու արգելքը կարող է կիրառվել առաջիկա 1-2 ամիսների ընթացքում։