Վրաստանը զբոսաշրջիկներից տեղեկանք կպահանջի կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին

128

Վրաստանը հուլիսի 1-ից պատրաստվում է բացել սահմանները արտասահմանցի զբոսաշրջիկների համար։ Սակայն երկիր մուտք գործել ցանկացող օտարերկրացիները պարտավորված կլինեն տեղեկանք ներկայացնել կորոնավիրուսի բացասական թեստի վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է դառնալ և լինել ազատ կորոնավիրուսից, ուստի երկիր մուտք գործելու համար համապատասխան տեղեկանք կպահանջեն։ Նման ակտուալ տեղեկանք չներկայացնելու դեպքում օտարերկրացիներին պարզապես թույլ չեն տա մուտք գործել Վրաստան։

Բացառիկ դեպքերում հնարավոր կլինի նաև կորոնավիրուսի թեստավորում կատարել նաև հենց երկրի ներսում։ Զբոսաշրջիկները կտեղավորվեն միայն «կանաչ գոտիներում» գտնվող հյուրանոցներում, որոնք մշտական վերահսկողության տակ կլինեն և կպահպանեն անվտանգության բոլոր պահանջները՝ կապված սննդի, զբոսաշրջիկների տեղափոխման և այլ հարցերի հետ։

Նշենք, որ այսօրվա դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 800 դեպք, գրանցվել է 13 մահ, առողջացել՝ 640-ը։