Լիբիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը ռազմավարական նշանակության 2 շրջան են գրավել

80

Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության բանակի մամուլի խոսնակ Ալբայ Մուհամադ Քանունուն հայտարարել է, որ իրենց ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել ևս երկու շրջանի նկատմամբ։

Նշվում է, որ ԼԱՀԿ-ի  զինվորական ստորաբաժանումները մտել են մայրաքաղաք Տրիպոլիի հարավում գտնվող Այն Զարի և Վադի էր-Ռեբի շրջաններ, որի արդյունքում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի Ազգային բանակի  զինվորները ստիպված են եղել նահանջել։

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ Հաֆթարի ուժերը վերջին ժամանակաշրջանում Լիբիայում տեղի ունեցող բախումների ընթացքում  զգալի  կորուստներ են կրել։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության բանակը նախօրեին հայտարարել էր ռազմավարական նշանակություն ունեցող Տրիպոլիի միջազգային օդանավակայանի գրավման մասին։

Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ: