«Լիբանանում տեղի ունեցած հակահայկական ցույցը քաղաքական իմաստով վտանգավոր է». վերլուծաբան

99

Բեյրութում հունիսի 11-ին տեղի է ունեցել հակահայկական քայլերթ։ Լիբանանյան «Al Jadeed TV» հեռուստաալիքի ազգությամբ հայ հաղորդավար Նշան Տեր-Հարությունյանը սպառնալիքների ու ատելության թիրախ է դարձել այն բանից հետո, երբ իր հաղորդման ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ Էրդողանին, Թուրքիայի վարչակարգը, օսմանցիներին և թուրքերին անվանելով նենգ։

Հաղորդումից հետո սոցցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես թուրքամետ մի քանի տասնյակ մարդիկ, պարզած Թուրքիայի Լիբանանի դրոշները, քայլել են դեպի հեռուստատեսության շենք՝ վիրավորական խոսքեր վանկարկելով հայերի նկատմամբ

Վերոնշյալ դեպքերին «Region Monitor»-ի հետ զրույցում անդրադարձել է լիբանանահայ քաղաքական վերլուծաբան Եղիա Թաշճյանը։

Թաշճյանը, նշելով, որ Լիբանանում հակահայկական ակցիաները նորույթ չեն, քանի որ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակից ի վեր ամեն տարի կանոնավոր կերպով տեղի են ունենում նմանատիպ ակցիաներ, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ  այս անգամ ակցիան տեղի է ունեցել Բեյրութում, ոչ թե երկրի հյուսիսում՝ Տրիպոլիում, ինչպես նախկինում։ Նշենք, որ Տրիպոլին համարվում է թուրքամետ վարձկանների կենտրոն, որոնք ստանում են Անկարայի ֆինանսական աջակցությունն ու պաշտպանությունը:

«Հակահայկական գործողություններ իրականացնող կազմակերպությունները թեկուզև անուղղակիորեն բայց ուղղորդվում են Թուրքիայի դեսպանատան կողմից»,- նշեց վերլուծաբանը՝ ավելացնելով, որ չնայած նրան, որ այս անգամ ցույցը փոքրաթիվ էր, ցուցարարների թիվը կարող է տարեցտարի աճել։ 

Անդրադառնալով Լիբանանում թուրքական գործոնի ակտիվացմանը՝ Թաշճյանը ասաց. «Նրանք, այս տարի փորձեցին նույնիսկ ներգրավվածություն ունենալ քաղաքական կյանքին։ Քաղաքապետներ ունեն Լիբանանի հյուսիսային շրջաններում։ Բեյրութի ավագանիում անդամ ունեն, և ներկայումս ձգտում են խորհրդարանում ներկայացուցիչ ունենալ։»

Ըստ վերլուծաբանի, հայ հաղորդավարի դեմ իրականացված ակցիան, և նմանատիպ այլ հակահայկական ակցիաներ քաղաքական իմաստով վտանգավոր են,  քանի որ կարող են հանգեցնել Լիբանանի հյուսիսում Թուրքիայի ռազմական ներկայությանը։

«Այն ինչ Թուրքիան հիմա անում է Սիրիայի հյուսիսում և Լիբիայի արևմտյան շրջաններում, հստակ ցուցիչ է նրա, որ Թուրքիան նմանատիպ ծրագրեր կարող է ունենալ նաև ապագայում Լիբանանի հյուսիսի համար։ Եթե Լիբանանի քաղաքական և տնտեսական ճգնաժամը շարունակվի և բախումներ տեղի ունենան Տրիպոլիում, չի բացառվում, որ այտեղի թուրքմենների և թուրքերի շահերը պաշտպանելու պատրվակով Թուրքիան գործողություն իրականացնի նաև Լիբանանի հյուսիսում։ Ակնհայտ է, որ Թուրքիան նման ծրագիր ունի, ուստի պետք է ամեն ջանք գործադրել  նմանատիպ սցենարի իրագործմանը խոչընդոտելու համար»,-ասաց Թաշճյանը։