Amnesty International-ն Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել թալիշ առաջնորդին

162

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը օրերս հրապարակել է հայտարարություն, որով Ադրբեջանի իշխանությունից պահանջում է ազատ արձակել թալիշ գիտնական Ֆախրադդին Աբոսզոդային և թալիշական ծագմամբ բլոգեր Էլվին Իսաևին:

Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք ազատազրկվել են աշխույժ գործունեության և Ադրբեջանի իշխանության քննադատության համար: Իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը համարում է, որ նրանց գործում չկա որևէ հանցանքի, անօրինականության որևիցէ մի ապացույց:

Հիշեցնենք, որ Աբոսզոդան Ադրբեջանի իշխանության հարցման հիման վրա ձերբակալվել էր 2018-ի սեպտեմբերին Ռուսաստանում: Նրա Ադրբեջան արտահանձնման պատմությունը բավականին խորհրդավոր էր: 2019-ի փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ Աբոսզոդան հանձնվել է Ադրբեջանին: Բանն այն է, որ այդ մասին հանրությունը տեղեկացավ հանկարծակի: Հանրությանը հասանելի էր դարձել Մերձմոսկվայի Լյուբերեցկի դատարանի որոշումը, որով փետրվարի 27-ին մերձմոսկովյան բանտից Ադրբեջան է արտահանձնվել թալիշական շարժման առաջնորդ Ֆախրադդին Աբբասովը (Աբոսզոդա):

Ըստ տեղեկության, Աբոսզոդան իբրև խախտել էր Ռուսաստանում գտնվելու կարգն ու դրա համար հեռացվել երկրից: Սակայն ըստ մամուլում եղած տարբեր տեղեկությունների, նրան հնարավոր է պարզապես առևանգել էին ադրբեջանական հատուկ ծառայությունները, իհարկե ոչ առանց Ռուսաստանի գիտության: Բաքվում նրան դատապարտեցին դավաճանության և ազգամիջյան բախում հրահրելու հոդվածով ու դատապարտեցին 16 տարվա ազատազրկման: Ընդ որում, թերևս հիշարժան է հանգամանքը, որ Աբոսզոդան Ռուսաստանից դե ֆակտո Ադրբեջանին հանձնվեց այն օրերին, երբ տեղի էր ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը Իրան, որն անցնում էր բավականին հարուստ օրակարգով և քաղաքական նշանակալի հայտարարությունների ուղեկցությամբ: