Զարիֆը պատասխանել է Իրանի զենքի էմբարգոյի վերաբերյալ Պոմպեոյի հայտարարությանը

293

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում պատասխանել է Իրանի զենքի էմբարգոյի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարություններին:

Զարիֆը նշել է, որ Պոմպեոն  հուսահատված է, քանի որ չի կարող մոլորեցնել համաշխարհային հանրությանը, թե հոկտեմբերին Իրանը գնելու է բարձր հեռահարությամբ կործանիչներ:

«Պոմպեոն հավանաբար պետք է նաև բացատրի, թե կործանիչներն ինչպես պետք է վերադառնան Իրան, երբ դրանց վառելիքը վերջանա»,-ասել է նա:

Իրանի ԱԳ նախարարը գրառմանը կցել է G-10 և Sukhoi-30 կործանիչների նկարները, որպեսզի ցույց տա, որ Պոմպեոյի հայտարարությունը «չի համապատասխանում իրականությանը»:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջերս հայտարարել էր, թե Իրանի զենքի էմբարգոյի ավարտին, Եվրոպան և Ասիան հայտնվելու են Թեհրանի թիրախում: