«Ադրբեջանը պետք է կատարի Աստարայի երկաթգծում իր ներդրումային պարտավորությունները»․Իրանցի պաշտոնյա

57

Իրանի Գիլան նահանգի մաքսային հսկիչ Աբուալղասեմ Յուսիֆինեժադը Աստարայի երկաթուղային կայարան և մաքսատուն այցի ժամանակ հայտարարել է, որ երկաթուղու կայարանը ապրանքների բեռնման և բեռնաթափման համար համապատասխան ենթակառուցվածքներ չունի։

Այդ համատեքստում նա շեշտել է, որ երկաթուղու ենթակառուցվածքային նախագծերն իրականացնելու համար Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները։

Ավելի վաղ Գիլանի նահանգապետ Արսալան Զարեն հայտարարել էր, որ երկաթուղու ենթակառուցվածքների ու տերմինալների կառուցման համար Ադրբեջանը պետք է նախորդ 2 տարվա ընթացքում 60 մլն դոլարի ներդրում աներ, սակայն այդ հարցում որևէ առաջխաղացում չկա։

Նահանգապետը նշել էր, որ հարցը քննարկվում է Իրանում Ադրբեջանի դեսպանի հետ։ Նշենք, որ միաժամանակ իրանական կողմը բարձրաձայնում է նաև Ադրբեջանի կողմից Ռաշտ-Աստարա երկաթուղու ֆինանսավորման հարցը։

Հիշեցնենք, որ Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթուղին շահագործման է հանձնվել 2018 թվականին։