ԱՄՆ կոնգրեսական Շերմանը կոչ է արել 1․5 միլիոն դոլար տրամադրել Արցախին

75

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի վիրտուալ հանդիպմանը առաջարկել է 1․5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին: Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի առաջին վիրտուալ լսումների ժամանակ քննարկվել են 2021 թվականի արտաքին օգնության հիմնական առաջնահերթությունները:

Շերմանի կոչին միացել են ևս 9 կոնգրեսականներ՝ Ջուդի Չուն, Դեյվիդ Սիսիլինին, Ջիմ Քոստան, Թջեյ Քոքսը, Ջոն Գարամենդին, Ջիմ Հիմեսը, Քերոլայն Մալոնին, Ադամ Շիֆն ու Ռաշիդա Թլայբը, ովքեր գրավոր կերպով իրենց աջակցությունն են հայտնել ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը:

Ամերիկահայ կազմակերպությունները շնորհակալություն են հայտնել կոնգրեսական Շերմանին ու նրա գործընկերներին՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում ականազերծման ծրագրի հարցը հնչեցնելու համար: Կազմակերպություններն ընդգծել են ականազերծման կարևորությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար և ծրագրի մարդասիրական բնույթը: