Հրեա դիվանագետ․ «Իսրայելը պատրաստ է Պաղեստինի հետ վերսկսել խաղաղ բանակցությունները»

233

Իսրայելը պատրաստ է ամենամոտ ապագայում վերսկսել խաղաղ բանակցությունները պաղեստինյան կողմի հետ։ Այս մասին «Известия»-ին  ասել է Ռուսաստանում Իսրայելի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Յակով Լիվնեն։

«Մենք պատրաստ ենք գնալ բանակցությունների պաղեստինցիների հետ թեկուզ այսօր։ Մենք պատրաստ էինք դա անել թե՛ 1 ամիս առաջ, թե՛ 1 տարի առաջ, թե՛ 5 կամ 10 տարի առաջ»,- ասել է Լիվնեն։ Հրեա դիվանագետը նշել է, որ Իսրայելը դիմել է միջազգային հանրությանը, պաղեստինցիներին բանակցությունների սեղան վերադառնալ հորդորելու համար։ Նա, սակայն, շեշտել է, որ իրենց համար բանակցությունների հիմք կարող է լինել այս տարվա հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված հակամարտության լուծման պլանը, որը ստացել էր «դարի գործարք» անվանումը։

Այդ պլանի համաձայն Պաղեստինին հատկացվող զգալի դրամական օգնության դիմաց ինքնավարության ղեկավարությանն առաջարկվում էր Արևմտյան ափի տարածքի ևս 30 տոկոսը զիջել Իսրայելին ու Երուսաղեմը ճանաչել որպես հրեական պետության մայրաքաղաք, ինչը կտրականապես մերժվեց պաղեստինի կողմից, ինչպես նաև դրական արձագանք չգտավ միջազգային հանրության կողմից։