Վրաստանի խորհրդարանը հաստատել է ընտրական համակարգի բարեփոխումների սահմանադրական փաթեթը

40

Վրաստանի խորհրդարանը այսօրվա արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ 117 ձայնով հաստատել է ընտրական համակարգի փոփոխությունների սահմանադրական բարեփոխումների փաթեթը: Փոփոխություններին դեմ է քվեարկել 3 պատգամավոր։ Քվեարկությանը չեն մասնակցել ընդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները:

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը նախատեսում է, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով – խորհրդարանում կընտրվի 120 անդամ համամասնական և 30 անդամ՝ մեծամասնական ընտրական համակարգով (գործող 77/73-ի փոխարեն):

Փոփոխություններով սահմանվում է, որ համամասնական ընտրությունների ընտրաշեմը կկազմի 1%, իսկ դաշինքների պարագայում նույն մեկական տոկոսը ամեն մի անդամ կուսակցության հաշվարկով:

Նախագծով նախատեսվում է նաև այսպես կոչված 40% փականը — այն կուսակցությունը, որը չկարողանա ստանալ 40%-ից ավել քվե, չի կարողանա ձևավորել խորհրդարական մեծամասնություն, կամ կառավարություն:

Օրինագծով նաև սահմանվում է այն, որ մինչև 2024 թվականի արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, կգործի ներկայացված սահմանադրական օրինագծով սահմանված ժամանակավոր ընտրական համակարգը: