Վրաստանում կորոնավիրուսից հայ է մահացել

129

Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված 15-րդ մահն է գրանցվել, հիվանդը ազգությամբ հայ էր։ Տարեց տղամարդը վերջերս էր Հայաստանից Վրաստան վերադարձել։ Նա Ախալքալաքի գյուղերից մեկի բնակիչն էր։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ախալքալաքի Հանրային առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանը։

«Վոլոդյան 82 տարեկան էր, ուներ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։ Որոշ ժամանակ առաջ նա որդու հետ, ով նույնպես Վրաստանի քաղաքացի է, մեկնել էր Հայաստան։ Ճանապարհները փակվել էին և նրանք մնացել էին Հայաստանում»,- նշել է Տոնականյանը։

Օրեր առաջ նրանց հաջողվել էր վերադառնալ Վրաստան։ Համաձայն հակահամաճարակային նորմերի՝ նրանք 14 օրով ինքնամեկուսացել էին։ Վոլոդիայի վիճակը վատացել է, ճնշումը կտրուկ բարձրացել է։ Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, արդյունքը դրական է եղել։ Հիվանդին տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։