Ադրբեջանի սահմանին խոշոր քանակությամբ թմրանյութեր են առգրավվել

65

Վերջին օրերին Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Ադրբեջան խոշոր քանակի թմրանյութերի ներմուծման երեք փորձ է արձանագրվել։

Ադրբեջանի Իմիշլի շրջանի Արանլը գյուղում պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել են սահմանը հատել փորձող Իրանի քաղաքացի Սադրի Քազըմ Համիդին։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ավելի քան 6 կգ թմրանյութ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, Քազըմ Համիդը դատարանի որոշմամբ կալանավորվել է։

Օրեր անց նույն տարածքում Իրանից Ադրբեջան մուտք գործելու փորձ են կատարել ևս երկու քաղաքացիներ։ Սահմանապահների միջամտության արդյունքում իրավախախտները թողել են 5 կգ հերոին տեսակի թմրանյութ և 2 կգ 60 գր կշռով հոգեմետ դեղահաբեր և դիմել են փախուստի Իրանի ուղղությամբ։

Երրորդ սահմանահատման փորձի ժամանակ նույն գյուղի սահմանապահ ծառայության աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են 7 կգ թմրանյութ։ Վերջին երկու դեպքերի առթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։