Ադրբեջանագետ․ «Ադրբեջանը թաքցնում է բանակում կորոնավիրուսի իրական տվյալները»

67

«Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն առավել քան վստահ է, որ Ադրբեջանի իշխանությունները թաքցնում են բանակում կորոնավիրուսով վարակված զինծառայողների իրական թվերը։

«Ավելի քան վստահ եմ, որ բանակում իրենք իրական թվերը թաքցնելու քաղաքականությունն իրականացնում են, որովհետև սկզբում փորձում էին անընդհատ նշել, որ բանակում չկան վարակվածության դեպքեր, բայց մոտ մեկ շաբաթ առաջ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնեց, որ նոր զորակոչվածների մեջ կան մեկ-երկու վարակվածներ, սակայն մինչ այդ վարակվածներ չեն եղել:

Սակայն մինչ զորակոչի անցկացումն էլ արդեն տվյալներ կային բանակում վարակվածների վերաբերյալ: Քանի որ վստահ եմ, որ Հասանովը փորձում էր հնարավորինս նվազեցնել տվյալները, նոր զորակոչի հետ դրանք պետք է բավականին աճած լինեն: Ադրբեջանում տարին չորս անգամ է զորակոչ անցկացվում, սա արդեն երկրորդն է, և բանակում վարակվածների աճի նոր ալիք կարող է լինել, սակայն ավելի քան վստահ եմ, որ իրենք չեն հայտնելու բանակում վարակվածների, առավել ևս կորոնավիրուսից մահացածների տվյալները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Հովհաննիսյանը:

Ադրբեջանագետը հավանական է համարել, որ կորոնավիրուսով վարակվածների իրական թվերը թաքցվում են ոչ միայն բանակում, այլև ամբողջ հանրապետությունում, ինչը կարող է ընդդիմությանը նոր քննադատության առիթ չտալու նպատակ ունենալ:

«Ես հակված եմ նրան, որ որոշակիորեն փորձում են վիճակագրության հետ խաղալ, հաշվի առնելով վիճակագրական տվյալների մեջ էական փոփոխություններ մտցնելու նրանց փորձը։ Ամեն դեպքում, վերջին երկու շաբաթվա ընթացքում, դատելով նրանց տրամադրած պաշտոնական վիճակագրության տվյալներից, երկու անգամ ավելացել է վարակակիրների թիվը, այսինքն՝ վերջին 2-3 շաբաթվա ընթացքում, պաշտոնական վիճակագրության համաձայն, Ադրբեջանում նկատվում է վարակակիրների ու մահվան դեպքերի բավական կտրուկ աճ: Այսօրվա դրությամբ մահացածների թիվը հաշվվում է 198, չի բացառվում, որ կարող է ավել լինել և իրենք կարող են թաքցնել այդ դեպքերը»,- նշել է ադրբեջանագետը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 16․968 է: Երկրում վարակի հետևանքով մահացել է 206 մարդ, ապաքինվել՝ 9․369-ը: Ադրբեջանում կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 1-ը: Կորոնավիրուսով վարակվածներ կան նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմում: