Իրանում ընդդիմադիր լրագրողը մահապատժի է դատապարտվել

85

Իրանի դատական համակարգի մամուլի խոսնակ Ղոլամհոսեյն Էսմայիլը մայրաքաղաք Թեհրանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ է հրապարակել լրագրող Ռուհուլլահ Զեմի գործի վերաբերյալ։

Էսմայիլը նշել է, որ ընդդիմադիր «Amadnews»-ի խմբագիր Ռուհուլլահ Զեմին 13 տարբեր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես «աշխարհում խառնակչություն անելու» մեղադրանքով վերջինս դատապարտվել է մահապատժի, իսկ մյուս մեղադրանքներով նաև ազատազրկման պատիժ է ստացել։

Մահապատժի որոշումը, սակայն, ենթակա է հետագա հաստատման Իրանի Գերագույն դատարանի կողմից։

«Amadnews»-ն իր գործունեությունը սկսել էր 2015թ․՝ լուրերը հրապարակելով «Telegram»-ի միջոցով։ Ընդդիմադիր իր դիրքորոշմամբ աչքի ընկնող լրատվամիջոցի «Telegram»-ի էջը  կարճ ժամանակում 1 միլիոնից ավելի հետևորդ է հավաքել, սակայն երկու տարի անց փակվել է։ Իսկ Ռուհուլլահ Զեմի լրատվամիջոցը այնուհետև շարունակել է իր գործունեությունը «Sedaimardom» («Ժողովրդի ձայնը») անվան տակ։

Նշենք, որ Ռուհուլլահ Զեմը ձերբակալվել էր 2019թ․ հոկտեմբերին՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու մեղադրանքով։