Վրաստանում ընտրական օրենսգրքի փոփոխությամբ կմեծանա կանանց ներգրավվածությունը խորհրդարանում

38

Վրաստանում նոր ընտրական համակարգ նախատեսող սահմանադրական փոփոխությունները խորհրդարանի կողմից հաստատելուց հետո, նաև նոր ընտրական օրենսգրքի պահանջ է առաջացել: Հաղորդվում է, որ նոր կանոններով կկարգավորվեն կուսակցությունների ֆինանսավորումը, անվճար և վճարովի գովազդային ժամանակը, ինչպես նաև, թե քանի կին է լինելու խորհրդարանում, և ինչպես կպատժվեն ընտրակաշառքի դեպքերը: Փոփոխությունները հիմնված են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականների վրա:

Ընտրական օրենսգիրքը նախատեսում է նաև գենդերային քվոտաներ և քաղաքական սուբյեկտներին պարտավորեցնում է կուսակցության ընտրական ցուցակի յուրաքանչյուր չորրորդ թեկնածուին առաջադրել հակառակ սեռի ներկայացուցչի: Ըստ խորհրդարանականների՝ այս կանոնը նախատեսում է կանանց ներկայացվածության աստիճանական բարձրացում գալիք տարիների ընտրություններում:

Այսօր Վրաստանի խորհրդարանում 21 կին կա, իսկ 2020 թվականին կանանց թիվը կավելանա առնվազն մինչև 30-ը: Մինչև 2024 թվականը կանանց թիվը խորհրդարանում կլինի 37: 2028-ի դրությամբ յուրաքանչյուր երրորդ պատգամավոր պետք է հակառակ սեռի ներկայացուցիչ լինի:

Բացի այդ, գենդերային քվոտաների դեպքում կուսակցությունները կստանան ֆինանսական արտոնություններ, որոնք կհստակեցվեն ֆինանսավորման մոդելի քննարկման ժամանակ: