Ֆրանսիայի ԱԳ նախարարը չի բացառել Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը

604

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, ելույթ ունենալով խորհրդարանական լսումների ժամանակ, չի բացառել Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը: Դրիանը հայտնել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը քննարկելու են հուլիսի 13-ին կայանալիք ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

«Մեր խնդրանքով հուլիսի 13-ին բացառապես Թուրքիայի հարցով կկայանա ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպում։ ԵՄ-ն արդեն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ՝ Կիպրոսի տնտեսական գոտում հորատման աշխատանքներ իրականացնելու համար: Կարող են սահմանվել նաև այլ պատժամիջոցներ»,- ասել է Ժան Իվ Լե Դրիանը:

Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում Միջերկրական ծովի արևելյան շրջանում, ինչպես նաև Լիբիայում Թուրքիայի ապօրինի գործողությունների պատճառով սրվել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները։