Թուրքիայում խիստ վերահսկողություն կսահմանվի սոցցանցերի նկատմամբ

290

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սոցցանցերը կենթարկվեն իշխանությունների կողմից խիստ վերահսկողության։ Էրդողանի նման մտադրությունը կապված է սոցցանցերում իր հարազատների հասցեին վիրավորական արձագանքների հետ։ Նա այդ մասին հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։

Նշենք, որ հունիսի 30-ին ծնվել էր Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարարի՝ Էրդողանի փեսայի 4-րդ երեխան։ Այդ կապակցությամբ Բերաթ Ալբայրաքը գրառում էր կատարել Twitter-ում։ Սոցցացերում օգտատերերը կասկածի տակ էին դրել Բերաթ Ալբայրաքի հայրությունը։ Ոստիկանությունը 19 օգտատերերից հայտնաբերել է և ձերբակալել է 11-ին։ Վերջիններս դատարանի առաջ են կանգնելու։

Նա մտադիր է հնարավորինս շուտ խորհրդարան մտցնել համապատասխան օրինագիծ։ Էրդողանը հստակեցրել է, որ նախատեսվում է սահմանել հասանելիության արգելափակում, ինչպես նաև պատժամիջոցներ։ Նախատեսվում են մինչև 5 մլն թուրքական լիրայի չափով պատժամիջոցներ։

Նախագահը նշել է, որ Թուրքիան կստիպի սոցիալական ցանցերի ընկերություններին երկրում ներկայացուցիչներ նշանակել՝ պատասխանելու իրավական պահանջներին, որոնք, նրա խոսքով, այժմ անտեսվում են:

«Մենք վճռական ենք անել ամեն ինչ, որպեսզի ապահովենք, որ սոցիալական մեդիա հարթակները ստեղծեն հարկային և օրինական ներկայացուցչություն մեր երկրում»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ անցած ամիս պաշտոնական Անկարան կոշտ քննադատել էր Twitter-ին այն բանի համար, որ սոցցանցը փակել է ավելի քան թուրքական 7000 օգտահաշիվ, որոնք աջակցում էին Էրդողանին: