Թուրքիան ռմբակոծել է Իրաքյան Քուրդիստանի սահմանամերձ գյուղերից մեկը

271

Հուլիսի 2-ին թուրքական զինուժը ռմբակոծել է Իրաքյան Քուրդիստանի Դոհուք սահմանամերձ նահանգը։ Ռմբակոծության թիրախում հայտնվել է հատկապես Ամեդի շրջանի Բարե-Գար գյուղը։

Մարդկային կորուստների մասին առայժմ տեղեկություն չկա, սակայն հայտնի է, որ ռմբակոծության հետևանքով գյուղատնտեսական նշանակության տարածքներում հրդեհ է բռնկվել։ Բացի այդ՝ թուրքական հրետանին թիրախավորել է նաև իրաքյան Քեստա և Չալքե գյուղերի հարակից տարածքը։

Նշենք, որ այս ռմբակոծություններն, ըստ էության, Անկարայի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) խմբավորման դեմ իրականացվող «Վագրի ճանկ» ռազմագործողության շարունակությունն են։ Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները Թուրքիայից պահանջում են դադարեցնել այդ ռմբակոծությունները, որոնց պատճառով արդեն բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել։