Ուշագրավ քարոզչական «փոխանցումներ» ադրբեջանական վերջին արկածախնդրության համատեքստում

139

Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական սադրանքը և դրան Թուրքիայի ցուցաբերած համակողմանի աջակցության իրողությունը լավագույնս օգտագործվեց հատկապես Անկարայի հակառակորդների և մրցակիցների կողմից՝ ուղղակի և անուղղակի «ֆուտբոլային փոխանցումների» տրամաբանությամբ «գոլ խփելու» նպատակով։

Նշվածի վերաբերյալ մի քանի ուշագրավ օրինակ՝

1. Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին արաբական բազմաթիվ լրատվամիջոցներ Ադրբեջանի արկածախնդրությանն անդրադարձել են հատկապես Թուրքիայի կողմից ցուցաբերված աջակցության շեշտադրմամբ։ Անկարայի նման գործելաոճը ներկայացվել է տարածաշրջանային մի շարք հակամարտություններում (Լիբիա, Սիրիա, Իրաք) Թուրքիայի ներգրավվածության տրամաբանության մեջ։ Բայց, ինչն է կարևոր, Ադրբեջանին օժանդակությունը դիտարկվել է ոչ միայն ցեղակցական, այլ նաև հայ ժողովրդի հետ ունեցած դարավոր թշնամանքի հարթությունում՝ պարբերաբար հիշեցնելով նաև անցած դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված եղեռնագործությունը։

2. Իրանի պանթյուրքիստական շրջանակները Բաքվին ուղղված Անկարայի քաղաքական և քարոզչական աջակցությունը կեղծ և ոչ բավարար են գնահատել՝ ընդգծելով, որ եթե Թուրքիան ավելի անկեղծ լիներ և առարկայորեն գործեր, ապա արցախյան հիմնահարցն արդեն լուծված կլիներ։

3. Քրդական քարոզչամեքենան Թուրքիայի բանավոր գործողություններն առարկայական հարթություն տեղափոխեց՝ օգտագործելով Անկարայի հայտնի մարտավարության տրամաբանությունը, որը, ընդ որում, նախկինում կիրառվել է նաև Հայաստանի դեմ։ Մասնավորապես, քրդական և որոշ արաբական ԶԼՄ-ներ տեղեկատվություն տարածեցին առ այն, որ թուրքական հատուկ ծառայությունները զինյալներ են հավաքագրում Սիրիայի հյուսիսի՝ սեփական վերահսկողության ներքո գտնվող շրջաններից՝ ադրբեջանական ԶՈւ-ի հետ համատեղ Հայաստանի դեմ պատերազմելու համար՝ ընդ որում, նույն սիրիական և լիբիական սցենարներով։ Զուգահեռաբար, քրդերի կողմից կրկին օգտագործվեց Սիրիայում գործող «Հայկական գումարտակի» գործիքը․ ակտիվորեն շրջանառվեց ենթադրյալ հայկական կառույցի տարածած հակաթուրքական հայտարարությունը։

4. Ի դեպ, ինչն է հետաքրքիր, քրդական քարոզչական խայծը Թուրքիայի դեմ լայնորեն գործարկեց Ռուսաստանի քարոզչամեքենան։ Մոսկվայի դժգոհությունն Անկարայի գործելաոճից ակնհայտ էր Հայաստան-Ադրբեջան սահմանային լարման առաջին իսկ պահից, որը դրսևորվում էր նաև ռուսական լրատվադաշտում շրջանառված Թուրքիայի դեմ ուղղակի կամ տողատակային քննադատություններ պարունակող բազմաթիվ նյութերով։ 

Ադրբեջանի սանձազերծած վերջին արկածախնդրությունը հերթական անգամ կարևորեց ռազմական հակամարտությունների նաև քարոզչական բաղադրիչը։ Հայկական կողմի համար այս դաշտում կարևոր ուղղություն պետք է դառնա նման քարոզչական դրևորումները օպերատիվ կերպով վերլուծելու և անհրաժեշտ հարթություններում կիրառելու մարտավարությունը։ 

Արմեն Պետրոսյան