ՀՀ ՊՆ-ն հերքում է․ «Ադրբեջանը ոչ մի հայկական ԱԹՍ չի խոցել»

405

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն լուրը, թե Ադրբեջանի ԶՈւ–ն հայկական 2 ԱԹՍ է խոցել։

«Սուտ է։ Առաջարկում ենք հանդարտվել։ Եթե այդպիսի դեպք լիներ առաջինը մենք կտեղեկացնեինք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նշենք, որ այսօր ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկություն է հրապարակել, համաձայն որի` ՀՀ ԶՈւ անօդաչու սարքերը գիշեր փորձել են հետախուզական թռիչքներ իրականացնել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, բայց ոչնչացվել են։

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում վերջին սրացումների հետևանքով ՀՀ ԶՈւ–ն խոցել է 13 ԱԹՍ, այդ թվում` իսրայելական Elbit Hermes 900, որն արժե ավելի քան 30 մլն ամերիկյան դոլար, իսկ SkyStriker ԱԹՍ-ն անվնաս հայտնվել է ՀՀ զինված ուժերի ձեռքում։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։ Հուլիսի 21-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։