Թուրքական իշխանամետ շաբաթաթերթը կոչ է արել վերականգնել խալիֆայությունը

70

Թուրքական «Gerçek Hayat» (թարգմ․՝ «Իրական կյանք») շաբաթաթերթը կոչ է արել երկրում վերականգնել խալիֆայությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մտերիմ հարաբերություններով հայտնի «Albayrak Medya Grubu»-ի կազմում գտնվող շաբաթաթերթը հուլիսի 27-օգոստոսի 2-ի համարը լույս է տեսել շապիկին հետևյալ գրությամբ՝ «Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ, եթե ոչ դու, ապա ո՞վ։ Համախմբվեք հանուն խալիֆայության»։

Թերթի շապիկը սոցցանցի իր էջում է տեղադրել թուրքական «Yeni Akit» ազգայնական ուղղվածություն ունեցող թերթի սյունակագիր Աբդուրահման Դիլիփաքը՝ դրան որևէ մեկնաբանություն չկցելով։

Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեհմեթ Մեթիներն էլ, անդրադառնալով թերթի շապիկին, դա սադրանք է անվանել Սբ․ Սոֆիայի տաճարը 2-րդ անգամ մզկիթի վերածելու ֆոնին։

Նշենք, որ խալիֆայությունը պաշտոնապես վերացվել է Թուրքիայի Հանրապետությոան հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ 1924 թվականի մարտի 3-ին։