Թուրքիայի նախագահի խոսնակ. «Մենք կշարունակենք Ադրբեջանի կողքին լինել, սակայն սա չի նշանակում՝ փակել դիվանագիտության դռները»

3044


Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «CNNTurk» հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդումներից մեկի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական լարվածությանը և այդ կոնտեքստում նախօրեին տեղի ունեցած Էրդողան-Պուտին հեռախոսազրույցին։

Քալընը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Պուտինին ասել է, որ Ռուսաստանը օգտագործելով Հայաստանի հետ իր հարաբերությունները պետք է թուլացնի հայ-ադրբեջանական լարվածությունը։
Թուրքիայի նախագահի խոսնակը, հերթական անգամ նշելով, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է լինելու, ասել է.
«Մեր նախագահի մոտեցումը հետևյալն է. «Մենք Ադրբեջանի կողքին ենք»։ Այս հարցում որևէ կասկած չկա։ Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքը որտեղից էլ որ լինի, լինի Հայաստանի կողմից թե Ռուսաստանի կողմից, միևնույնն է Թուրքիան կշարունակի Ադրբեջանի կողքին լինել։ Սակայն սա չի նշանակում՝ փակել դիվանագիտության դռները, այլ ճիշտ հակառակը։ Մեր նախագահի երեկվա հեռախոսազրույցի պատճառն ու առանձնահատկությունը հենց դա էր։ Կարող եմ ասել, որ Պուտինի հետ զրույցում բավականին լավ արդյունք են արձանագրել։ Հետևյալ համաձայնությանն են եկել. «Միասին աշխատենք, լարվածությունը թուլացնելու համար համատեղ քայլեր անենք, երկուսս էլ երկու կողմին անհրաժեշտ առաջարկները անենք և վայրկյան առաջ բանակցությունները սկսենք»։ Աստված տա մոտակա օրերին այս համաձայնության արդյունքները տեսնենք»։