Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

84

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հուլիսի 28-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և ամերիկյան դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Սքոտ Մաքսվելին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտում հայ –ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև՝ հուլիսի 12-ից հետո հայ –ադրբեջանական սահմանին գրանցված լարվածության աճն ու ընդհանուր առմամբ սահմանին տիրող իրավիճակը։

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների հետագա համագործակցությանն առնչվող թեմաներ և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հուլիսի 12-ին ռազմական գործողություններ էր սաձազերծել ՀՀ Տավուշի մարզի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Հայ-ադրբեջանական սահմանին բարձր լարվածությունն ու բախումները ինտենսիվ կերպով շարունակվեցին մի քանի օր։ Ներկա պահին լարվածությունը թեև թուլացել է, բայց թշնամին պարբերաբար շարունակում է խախտել զինադադարի ռեժիմը, իսկ հուլիսի 27-ին ադրբեջանցի դիպուկահարի արձակած գնդակից հայ զինծառայող էր զոհվել։