Հայաստանը «Բանակ-2020» համաժողովում ներկայացվելու է բարձր մակարդակով

112

«Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել 35 պետությունների ներկայացուցիչներ, որն անցկացվելու է օգոստոսի 23-29-ը Ռուսաստանում: Այս մասին «Կրասնայա զվեզդա» պարբերականին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության գիտահետազոտական գործունեության և առաջավոր տեխնոլոգիաների տեխնոլոգիական ուղեկցման գլխավոր վարչության կոնգրեսացուցահանդեսային գործունեության վարչության պետ Օլեգ Կուլակովսկին:

Նրա խոսքով՝ համաժողովի մասնակիցների թվի կրճատման վրա ազդել է կորոնավիրուսի համավարակը:

«Ստեղծված համաճարակային իրադրությունն, անկասկած, դժվարեցրել է համաժողովին նախապատրաստվելը, հատկապես արտասահմանյան պետությունների մասնակցության ներգրավման առումով: Պաշտոնական հրավերներ են ուղարկվել 133 երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին»,- ասել է նա:

Կուլակովսկին նշել է, որ հրավերին արձագանքած 11 պետություններ ներկայացվելու են բարձր մակարդակով: Դրանց թվում են՝ Հայաստանը, Բելառուսը, Բրազիլիան, Հունաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը եւ այլն: