Սիրիայում կկառուցվի Սուրբ Սոֆիայի տաճարի կրկնօրինակը

124

Ստամբուլի կենտրոնում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածվելուց հետո լուրեր են շրջանառվում, որ տաճարի կրկնօրինակը կկառուցվի Սիրիայում։

Լիբանանյան մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ եկեղեցին ծրագրվում է կառուցել Սիրիայի արևմտյան Համա նահանգի Սուկայլեբիյե շրջանում, որտեղ բնակչության ստվար հատվածը ուղղափառ եկեղեցու հետևորդ քրիստոնյաներ են։ Իսկ տաճարի տարածքը նվիրաբերել է Սուկայլեբիյեի ոստիկանապետ Նաբեուլ ալ-Աբդալլահը։

Նշվում է, որ տաճարի կրկնօրինակի կառուցման գաղափարը նախ հավանության է արժանացել Համայի հույն ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Նիկոլոս Բաալբակիի կողմից, այնուհետև ներկայացվել է Սիրիայում տեղակայված ռուսական բանակի ներկայացուցիչներին։

Թուրքական լրատվամիջոցներն, անդրադառնալով թեմային, գրել են, որ այդ գաղափարը նույնիսկ հույների մոտ չի հղացել, այնինչ Ռուսաստանը Սիրիայում «փոքր Այասոֆիա» է կառուցում։

Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ Սիրիայի կառավարությունը նման որոշումով փորձում է քաղաքական վրեժ լուծել Թուրքիայից, որն այդ երկրում զորք է տեղակայել և աջակցում է սիրիական ընդդիմությանը։