Ալիևը ձգտում է ոչնչացնել ընդդիմությունը․ Washington Post

142

Ամերիկյան «The Washington Post» պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած ներքին քաղաքականությանն ու ընդդիմության նկատմամբ վերաբերմունքին:

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը երբեք լավ աչքով չի նայել անկախ լրագրողներին և այլախոհներին: Այս տարվա փետրվարին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից ճանաչվել են որպես «իրական քաղաքական պայքարից զուրկ»: Այժմ՝ կորոնավիրուսի համավարակի, նավթի գների անկման և գլխավոր հակառակորդ Հայաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին, պարոն Ալիևը թշնամիների «հինգերորդ շարասյուն» է գտել` քաղաքական ընդդիմությանը, որի ներկայացուցիչներին սկսել է բանտեր նետել: Ալիևի ջղաձգումները սպառնում են վերացնել այն ամենը, ինչ մնացել է Ադրբեջանում որպես անկախ քաղաքական ուժ, գրում է պարբերականը:

Մարտին Նովրուզ տոնի կապակցությամբ ժողովրդի առաջ ելույթում Ալիևը խոստացավ պայքարել կորոնավիրուսի դեմ և ասաց, որ Ադրբեջանը խարխլվում է «մեր շարքերում գտնվող թշնամիների կողմից, այն տարրերի, որոնք իրենց ընդդիմություն են կոչում, դավաճանների կողմից, որոնք գումարներ են ստանում արտերկրից»: Ըստ նրա՝ նրանց գլխավոր նպատակն Ադրբեջանը վերացնելն է: Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ համավարակի ժամանակ «հինգերորդ շարասյան ներկայացուցիչների մեկուսացումը պատմական անհրաժեշտություն կդառնա»:

Այնուհետև` հուլիսի 12-16-ին, ադրբեջանական ուժերը կռվում էին Հայաստանի դեմ Թովուզի շրջանում, ինչը դարձավ նրանց միջև առաջին բախումը 2016 թվականից ի վեր: Կռիվների ժամանակ 11 ադրբեջանցի զինծառայող մահացավ, այդ թվում` գեներալ, և 4 հայ զինծառայող զոհվեց (ավելի ուշ ևս մի զինծառայող-Խմբ.): Հուլիսի 14-ի գիշերը Բաքվում ռազմականամետ ցույց սկսվեց, որի եզրափակիչ հատվածում մարդկանց մի խումբ ներխուժեց խորհրդարանի շենք, որտեղից նրանց դուրս բերեցին ոստիկանները:

Պարոն Ալիևն այս ցույցը պատրվակ համարեց անցում կատարելու «հինգերորդ շարասյանը»: Ցույցի հաջորդ օրը` հուլիսի 15-ին արած հայտարարությամբ նա հարձակվեց երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության` «Ադրբեջանի ազգային ճակատ»-ի վրա: Կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին փաստացիորեն աջակցություն էր հայտնել ադրբեջանական բանակին` ասելով. «Մենք աջակցում ենք մեր պետությանն ու բանակին»: Սակայն, չնայած սրան, Ալիևը նրանց թիրախ դարձրեց: «Մենք պետք է վերջ տանք 5-րդ շարասյանը, այսպես այլևս շարունակվել չի կարող»,-հայտարարել էր Ալիևը` խոստանալով հետապնդել «կեղտոտ և կոռումպացված առաջնորդներին, վախկոտներին և դասալիքներին, որոնք իրենց առաջնորդ են երևակայում»: Նա հայտարարել էր, որ «Ազգային ճակատը հայերից էլ վատն է»:

Նրա ելույթից հետո Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատակիցները սկսեցին ձերբակալել կուսակցության անդամներին և այլոց: Ադրբեջանում ամերիկյան պարբերականի աղբյուրների համաձայն` երկրում այժմ ձերբակալված է ամենաքիչը 120 մարդ, այդ թվում` ընդդիմադիր կուսակցության մի քանի փոխնախագահ և լրագրող: Հուլիսի 20-ին ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ էր արել Ադրբեջանին խուսափել համավարակն օգտագործելուց` «ընդդիմության կամ հանրային քննարկումների ձայները լռեցնելու նպատակով»:

Պարոն Ալիևի արտաքին գործերի նախարարությունն արագ արձագանքեց Միացյալ Նահանգներում ռասայական անհավասարության դեմ բողոքի ակցիաներին` ասելով. «Այս իրավիճակում մենք չենք կարող հասկանալ, թե ում համար է անհանգստանում ԱՄՆ պետդեպարտամենտը և ինչու»:

Պարբերականը հոդվածի վերջում պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ այս մեկնաբանությանը` նշելով, որ Միացյալ Նահանգներում բողոքի ցույցերը գործող ժողովրդավարության կենսունակությունն են, ինչն ունի իր խնդիրները, բայց երաշխավորում է ազատ խոսքի և հավաքների իրավունքը` ներառյալ նախագահին քննադատելու իրավունքը, իսկ պարոն Ալիևի` իր քննադատներին ոչնչացնելու համար օգտագործվող երկաթե բռունցքը ժողովրդավարության ճիշտ հակառակն է և ցույց է տալիս, թե ինչու բոլորը պետք է անհանգստանան այս անկառավարելի բռնակալի պատճառով: