Դեսպան Թումանյանը հանդիպել է Թեհրանի hայ համայնքի կրթական կառույցների ներկայացուցիչների հետ

75

Հուլիսի 30-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Թեհրանի հայ համայնքի ստեղծագործական և կրթական կառույցների ներկայացուցիչների  հետ: Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

«Հանդիպմանը մասնակցել են  Գրողների միության նախագահ Գարուն Սարգսյանը, Կրթական խորհրդի փոխնախագահ Կարինե Բալղչյանը, Բժիշկների միության նախագահ Կարմեն Սարգսյանը, Ուսուցիչների միության նախագահ Տանյա Հակոբյանը և Ճարտարապետների միության նախագահ Բերնարդ Դրորը:

Դեսպան Ա. Թումանյանը  հետաքրքրվել է համավարակի պայմաններում այս կազմակերպությունների գործունեության մասին և միաժամանակ առաջարկություններ ներկայացրեց դեսպանության և հայաստանյան համապատասխան օղակների հետ համագործակցության ուղղությամբ:

ՀՀ դեսպանը հատուկ ընդգծել է նաև հայ և իրանցի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, երկու երկրների միջպետական բարձր մակարդակի հարաբերությունների մեծ նշանակությունը և այդ պայմաններում իրանական համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Ներկաները հանգամանորեն խոսել են կազմակերպությունների կատարած աշխատանքների մասին և առաջարկություններ ներկայացրել  հետագա ծրագրերի իրկանացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է առցանց միջոցառումների կազմակերպման նպատակահարմարությունը»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ: