Թուրքիայում հայտնի ընդդիմադիր գործիչը կարող է նոր կուսակցություն հիմնել

119

Թուրքիայում հայտնի քաղաքական գործիչների կողմից վերջին 1 տարվա ընթացքում կարող է հիմնվել 3-րդ կուսակցությունը։ Մամուլում լուրեր են շրջանառվում երկրի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ, նախկին նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեի կողմից կուսակցություն հիմնելու մասին։

Ինջեն, 2018-ի նախագահական ընտրություններում լինելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը, հավաքել էր 30 տոկոս ձայն։ Ըստ տեղեկությունների՝ հիմա նա լարված հարաբերությունների մեջ է ԺՀԿ-ի ղեկավարության ու մասնավորապես, կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։ Վերջին հանգամանքով պայմանավորված Ինջեն որոշել է դուրս գալ կուսակցությունից, հիմնել նոր դեմքերով նոր կուսակցություն և պայքարել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության դեմ` հաջորդ ընտրություններին իշխանության գալու նպատակով։

Նշվում է, որ Ինջեն մտերիմների շրջանում այս թեմայով մասնավորապես ասել է․ «Թուրքիան լավ չի կառավարվում։ Դժգոհ եմ։ Իշխանությունը վատն է, սակայն ընդդիմությունից էլ գոհ չեմ։ ԺՀԿ-ն էլ լավ չի կառավարվում։ ԺՀԿ-ի այսօրվա դիրքավորումը իշխանությանը լեգիտիմացնում է։ Մի նոր հանրապետական շարժումն անխուսափելի է»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում 2018-ի հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում ԺՀԿ-ն կուսակցության նախագահ Քեմալ Քըլչդարօղլուի փոխարեն նախագահի թեկնածու էր առաջադրել Մուհարեմ Ինջեին։ Միաժամանակ տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքում Ինջեն հավաքել էր ավելի շատ ձայն (30%) քան իր կուսակցությունը (22%)։

Հավելենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում նոր կուսակցություն է հիմնել նաև նախկին ԱԶԿ-ական, նախկին վարչապետ Ահմեթ Դավութօցլուն (Ապագա կուսակցություն) և Թուրքիայի նախկին փոխվարչապետ, կրկին նախկին ԱԶԿ-ական Ալի Բաբաջանը (Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն)։