Հզոր պայթյուն Բեյրութում. կան զոհեր (Տեսանյութ, լուսանկար)

1354

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, ուժգին պայթյուն է որոտացել։ Նախնական տեղեկություններով, պայթյունը որոտացել է պայթուցիկների պահեստում, կան հարյուրավոր վիրավորներ և զոհեր։ Զոհերի թվի մասին պաշտոնապես դեռ ոչինչ չի ասվում։

Պայթյունից առաջ կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է բարձրացել երկինք։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

​Պայթյունի ալիքը կոտրել է մի քանի կիլոմետրի վրա գտնվող շինությունների ապակիներն ու դռները։

Նշենք, որ նավահանգստին մոտ է հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ ևս մեծ ավերածություններ են եղել։

Անջատվել է էլեկտրականությունը։ Վնասվել են նաև հայկական հաստատությունները։ Մեծ վնասներ է կրել Բուրջ Համուդում տեղակայված ՀՅ Դաշնակցության Շաղզոյան կենտրոնը, որտեղ տեղակայված են կուսակցական գրասենյակները, Ազդակ օրաթերթը, Վանա ձայն ռադիոկայանը:

BBC-ի տեղեկացմամբ, պայթյունը որոտացել է՝ արաբական երկրի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի՝ 2005-ին տեղի ունեցած սպանության գործով դատավճռի նախօրեին: