«Amnesty International» -ը դատապարտել է Ադրբեջանում ընդդիմադիրների դեմ կիրառվող բռնաճնշումները

249

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը օգոստոսի 5-ին հանդես է եկել Ադրբեջանում քաղաքական ընդդիմության դեմ կիրառվող դաժան ճնշումները, խոսքի և խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարումները քննադատող հայտարարությամբ։

«Ձերբակալությունների և ահաբեկումների վերջին ալիքը կարող է իսպառ վերացնել առանց այն էլ խիստ մասնատված քաղաքական ընդդիմությունը։ Բաքվի կենտրոնում հուլիսի  14-15-ի հանրահավաքից հետո ավելի քան 100 ընդդիմադիր ակտիվիստներ և նրանց կողմնակիցները ձերբակալվել են քաղաքական դրադապատճառներով», — ասված է կազմակերպության հայտարարության մեջ։

Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդդիմադիրներին հրապարակայնորեն մեղադրել է բռնություն կիրառելու մեջ՝ սպառնալով «մաքրել» երկիրը «հինգերորդ շարասյունից» և «թշնամիներից, որոնք հայերից էլ վատն են»։

«Ադրբեջանի իշխանությունները պետք է վերջ դնեն քաղաքական ընդդիմադիրների և նրանց կողմնակիցների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով կիրառվող հետապնդումներին, ահաբեկումներին ու բռնաճնշումներին։ Իրենց հիմնարար իրավունքներից օգտվելու համար քրեական կամ վարչական գործերի շրջանակներում կամայականորեն ձերբակալված բոլոր անձինք պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն», — նշվել է հայտարարությունում։

Հուլիսի 14-15-ի հանրահավաքի ժամանակ հարյուրից ավելի ակտիվիստներ և ընդդիմադիր առաջնորդներ են ձերբակալվել։ Եվս 60 քաղաքացիներ ձերբակալվել և կալանավորվել են հասարակական կարգը խախտելու, իրավապահներին դիմադրություն ցույց տալու և նման մեղադրանքներով։ Ձերբակալությունների թիրախում հիմնականում  «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունն ու դրա առաջնորդներն են՝ Ասիֆ Յուսիֆլին, Բախտիյար Իմանովը, Ֆուադ Գահրամանլըն և Մամեդ Իբրագիմովը։

Բոլոր այս անձանց սպառնում է երկարաժամկետ ազատազրկում՝ իշխանությունը բռնազավթելու և անկարգություններ հրահրելու վերաբերյալ կեղծ մեղադրանքների հիման վրա։ «Amnesty International»-ի հավաստմամբ՝ նրանց թույլ չեն տալիս հանդիպել իրենց փաստաբանների հետ, և ըստ ոչ պաշտոնական տվյալների, ենթարկում են խիստ կտտանքների։