Թուրքիայի մեջլիսի 9 պատգամավոր և աշխատակազմի 35 աշխատակից վարակված են կորոնավիրուսով

231

Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը տվյալներ է ներկայացրել մեջլիսի պատգամավորների ու աշխատակազմի շրջանում կորոնավիրուսի վարակով պայմանավորված վիճակի մասին։ Այս մասին տեղեկացնում է Ermeni Haber -ը։

Շենթոփը նշել է, որ այս պահին կորոնավիրուսից բուժվում են 9 պատգամավորներ, որոնցից 4-ը հոսպիտալացված են, մյուս 5-ը բուժումը շարունակում են տանը։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է նաև, որ այս պահին վարակից բուժում են ստանում նաև խորհրդարանի աշխատակազմի 35 աշխատակից, որոնցից մեկը հոսպիտալացված է, մյուսները ապաքինվում են տանը։

Շենթոփի խոսքով՝ մեջլիսի պատգամավորներն ու աշխատակիցները, ինչպես նաև նրանց ընտանիքները կանոնավոր կերպով թեստավորվում են։ Խորհրդարանի հիվանդանոցում օրական միջին հաշվարկով 500 թեստ է արվում։ 

Նշենք, որ վերջին 3 օրերին Թուրքիայում կրկին կորոնավիրուսի դեպքերի աստիճանական աճ է գրանցվում։ Եթե վերջին մի քանի շաբաթում օրական դեպքերի քանակը նվազել էր 1000-ից, ապա օգոստոսի 5-ին արդեն գրանցվել է 1․178 նոր դեպք։