«Մեր սրտերը լիբանանցիների հետ»․Թել-Ավիվի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով

115

Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Թել-Ավիվի քաղաքապետարանը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով՝ ի նշան այդ երկրի ժողովրդի հետ համերաշխության։

«Մարդկայնությունը ցանկացած հակամարտությունից վեր է, և մենք սրտով լիբանանյան ժողովրդի հետ ենք սարսափելի աղետից հետո»,- հայտարարել է քաղաքապետ Ռոն Հուլդաին։

Որոշումը Իսրայելի հասարակության կողմից միանշանակ չի ընդունվել։ Մասնավորապես, Երուսաղեմի հարցերով նախարար Ռաֆի Պերեցը հայտարարել է, որ «թշնամական երկրի դրոշը Թել-Ավիվում ծածանելը բարոյական տեսանկյունից կասկածելի է»։ Իսրայելի վարչապետի որդին՝ Յաիր Նեթանյահուն, նախաձեռնությունը քրեական հանցագործություն է որակել։

Ավելի վաղ, Իսրայելի պաշտպանության բանակը որոշել էր հետաձգել Լիբանանի հետ հակամարտությունը՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո: Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ցավակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին:

Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում մաքսանենգության համար առգրավված ու նավահանգստի պահեստում շուրջ 6 տարի պահեստավորված 2750 տոննա ամոնիումի նիտրատը օգոստոսի 4-ին դարձավ հուժկու պայթյունի պատճառ՝ խլելով ավելի քան 135 մարդու կյանք, մոտ հինգ հազար մարդ վիրավորվել է, 300 հազարը մնացել են անօթևան: Պայթյունի հասցրած վնասի չափն, ընդհանուր առմամբ, 5-15 մլրդ դոլար է գնահատվում։