«Սևրի պայմանագիրը հայ ժողովրդի իրավունքի մասին կարևոր փաստաթուղթ է՝ հայկական հարցի արդար լուծմանը հասնելու համար»․ ՀՀ նախագահ

179

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սիրիական «alazmenah.com» կայքի տված հարցազրույցում ներկայացրել է Սևրի պայմանագիրը՝ նշելով, որ այն կարևոր փաստաթուղթ էր, որով պետք է լուծվեր հայկական հարցը, և այդ պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ և անկախ պետություն, իսկ այն տեսակետը, որ Լոզանի պայմանագիրը զրոյացրել է Սևրի պայմանագիրը, սխալ է:

ՀՀ նախագահը պարզաբանել է, թե ինչու չի վավերացվել պայմանագիրը՝ շեշտելով, որ այն միջազգային-իրավական փաստաթուղթ է, և դե ֆակտո ենթակա է իրականացման, քանի որ այդ փաստաթղթի հիմքով սահմանվել է նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրների կարգավիճակը:

«Դա կարող էր գոնե մասամբ փոխհատուցել 1915 թ.-ին Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդին պատճառված վնասը և պայմաններ ստեղծել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև կայուն խաղաղության խթանման համար»,- ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշել է, որ ինչ էլ թուրքերը անեն, ինչքան էլ հերքեն ակնհայտ փաստերը, ինչքան էլ ոչնչացնեն հայկական ժառանգության ու քաղաքակրթության հուշարձանները, ինչքան էլ Հայաստանի պատմական հողերում մաքրեն հայկական հետքերը, նրանք չեն կարող մաքրել հայ ժողովրդի հիշողությունը:

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղի ունեցած բախումներին: Սարգսյանը նշել է, որ հարևան Ադրբեջանը, փորձելով օգտվել կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից, բախումներ է հրահրել հայ-ադրբեջանական սահմանին: «Հայկական զինված ուժերը մարտական բարձր պատրաստվածություն են ցուցաբերել և կարողացել են 2-3 օրվա ընթացում ճնշել հակառակորդի առաջխաղացումը և մեր տարածաշրջանը փրկել մասշտաբային բախումներից»,-ասել է Սարգսյանը՝ նշելով մտահոգությունները կապված Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանության, Ադրբեջանի՝ Հայաստանին որպես միջազգային ենթակառուցվածքների հանդեպ սպառնալիք ներկայացնելու փորձերի, Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին հայտարարության հետ:

Հարցազրույցին կից ներկայացվել է նաև Սևրի պայմանագրի 88-93 հոդվածները: