Այրված բնակարաններ, վնասված մեքենաներ, կրակոցներ․ Ախալքալաքում բախումներ են տեղի ունեցել

147

Ախալքալաքի կենտրոնում օգոստոսի 8-ի,  ժամը 20:00-ի սահմաններում երիտասարդների միջև բախում է տեղի ունեցել, կրակոցներ են  արձակվել։

Միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքից 27- ամյա երիտասարդ է մահացել: 

Առկա տեղեկատվության համաձայն՝ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի երիտասարդների և Ախալքալաքի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջ կամ նրա մտերիմների միջև կոնֆլիկտ է ծագել, ինչի հետևանքով բախումները ավելի լայնամասշտաբ են դարձել:

Երիտասարդների մի խումբն Ախալքալաքում վառել է «Արտսեկ»  հյուրանոցի սեփականատիրոջ հետ առնչություն ունեցող չորս բնակարան, ինչպես նաև կոտրել հյուրանոցի դռներն ու ապակիները, ապա վառել նաև հյուրանոցը:

Այս պահին Ախալքալաքում աշխատում են հատուկ ստորաբաժանումները, և մի շարք մունիցիպալիտետներից ժամանած հրշեջ փրկարարները: Ըստ տեղեկությունների՝ Ախալքալաք է ժամանել նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:

Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ՝ փաստի առթիվ սկսվել է հետաքննություն Վրաստանի ՔՕ 108-րդ (կանխամտածված սպանություն) և 236-րդ հոդվածի (զենքի անօրինական ձեռքբերում, կրում) 3-րդ և 4-րդ մասերով:

Jnews-ը հայտնել է, որ երիտասարդները տներն այրել են Ախալքալաքի Նալբանդյան և Մյասնիկյան փողոցներում, ապա նաև` Մաշտոցի և Թումանյան փողոցներում։

Ախալքալաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ա. Թորոյանը հայտնել է, որ իրենց մոտ մեկ վիրավորի են բերել, ինչպես նաև մեկը տեղում է մահացել։

Հիվանդանոցի մոտ մի քանի մեքենա են կոտրել։