Լիբանանի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

116

Լիբանանի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տվել՝ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով: Այս մասին օգոստոսի 10-ին պաշտոնապես հայտարարել է երկրի վարչապետ Հասան Դիաբը։

Իր հրաժեշտի տեսաուղերձում Դիաբը նշել է․ «կոռուպցիոն համակարգն ավելի ուժեղ գտնվեց, քան Լիբանան պետությունը։ Մենք չենք հետապնդել որևէ անձնական շահ, սակայն այն շրջանակները, որոնք շուրջ 30 տարի գտնվում էին իշխանության ղեկին կարողացան թունավորել կառավարությանը և ժողովրդին տրամադրել մեր դեմ։

Մեր կառավարության բոլոր նախարարներն արել են ամեն ինչ իրենց ուժերի ներածին չափով՝ ժողովրդի և նրա ապագայի համար։ Նախարարներից ոչ ոք գործունեության ընթացքում անձնական շահ չի ունեցել։ Մեր հիմնական նպատակը եղել է երկիրը փրկել, այդ ընթացքում մեզ շատ են մեղադրել տարբեր հարցերի շուրջ։ Կարծում եմ՝ մարդիկ պետք է դադարեին մեզ մեղադրել, որպեսզի մենք կարողանայինք ուղղել մեր սխալները»։

Հեռուստաուղերձից անմիջապես հետո Դիաբը մեկնել է Բաաբդա պալատ, որպեսզի նախագահ Միշել Աունին ներկայացնի կառավարության հրաժարականը։

Կառավարության հրաժարականի հիմնական պատճառը օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունն էր, որի արդյունքում զոհվել է մոտ 200 մարդ, իսկ վիրավորվել՝ շուրջ 6000-ը։ Պայթյունից հետո Լիբանանում սկսվել են բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները պահանջնում էին կառավարության հրաժարականը։