Արցախի նախագահ․ «Պատրաստ ենք լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին ընդունելու»

98

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հրավիրել է լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն։

Նախագահ Հարությունյանը նշել է, որ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցի գլխավորությամբ։

Նախագահը հիշեցրել է, որ «Արցախի ժողովրդից՝ Լիբանանին» հատուկ չվերթով մարդասիրական օգնություն է ուղարկվել Բեյրութ և ընդգծել, որ Արցախի ժողովրդի աջակցությունը կկրի շարունակական բնույթ։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Լիբանանի հայկական գաղթօջախին կտրամադրվի նաև ուղիղ ֆինանսական աջակցություն և կոչ արել բոլոր արցախցիներին՝ ակտիվ մասնակցել առաջիկայում կազմակերպվելիք դրամահավաքին։ Նախագահը հայտարարել է, որ նախագահի աշխատավարձը այս անգամ կուղղվի Լիբանանում ապրող հայերին,  ֆինանսական միջոցներ կհատկացվեն նաև կառավարության պահուստային ֆոնդից:

Հանրապետության նախագահը նշել է, որ կձեռնարկվեն բոլոր միջոցներն Արցախում բնակություն հաստատելու ցանկություն հայտնող բոլոր լիբանանահայերի համար ապրելու և արարելու բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ «Հայտարարում եմ, որ ազատ բնակֆոնդի բացակայության պայմաններում անգամ պատրաստ ենք լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին ընդունելու և մեր օջախներում նրանց համար կեցության պայմաններ ապահովելու»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը։