Վրացահայ Անդրանիկ Մինասյանը՝ ԹՊՀ Իրավաբանական ֆակուլտետի տարվա լավագույն մագիստրոս

123

Թբիլիսիի պետական համալսարանի ամենամյա ավարտական արարողությունն ավանդույթի համաձայն ուղեկցվել է «տարվա ուսանողների» ներկայացմամբ: Ծնունդով Ախալքալաքից Անդրանիկ Մինասյանը ԹՊՀ Իրավաբանական ֆակուլտետի տարվա լավագույն մագիստրոսի կոչում է ստացել: Անդրանիկը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է շնորհակալական գրառումն ու նշել դասախոս Զոյա Մխիթարյանին, որն օգնել է ուսումնասիրել վրաց լեզվի բարդ քերականությունը՝ «1+4» ծրագրի նախապատրաստական կուրսի ընթացքում․ չէ՞ որ իր հաջողության պատմությունը հենց այս շրջանից է սկսվում:

Անդրանիկ Մինասյանի հաջողության պատմությունը ներկայացրել է «Ալիք մեդիան»։ Ավելի վաղ «Ալիք մեդիան» անդրադարձել էր նաև Անդրանիկի նվաճումներին այն ժամանակ, երբ նա դեռ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատի ուսանող էր։ Նա ողջ համալսարանում եզակի մարդկանցից էր, ում ակադեմիական սանդղակը՝ GPA-ը հնարավոր առավելագույնը՝ 4 էր կազմում, իսկ 2016 թվականին հայտարարվել էր ԹՊՀ-ի Իրավաբանական ֆակուլտետի լավագույն ուսանող:

«Ընդունելության քննություններին զուգահեռ հարյուրավոր ուսանողների հետ միասին մասնակցեցի Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) Թբիլիսիի գրասենյակի կողմից հայտարարված ամենամյա ստաժավորման մրցույթին և, ստանալով ամենաբարձր բալերը, ընդունվեցի՝ որպես փաստաբանի օգնական: Զուգահեռ որպես փաստաբանի օգնական ստաժավորում էի անցնում ք. Թբիլիսիի քաղաքապետարանի «Իմ փաստաբանը — իրավաբանական կլինիկայում»: 2017 թվականի դեկտեմբերին հանձնեցի փաստաբանների որակավորման քննությունները՝ ստանալով 92 բալ, ինչին հաջորդեց ՎԵԻԱ-ի (GYLA) առաջարկը՝ մինչ ստաժավորման ավարտն անցնել գործի, արդեն որպես խորհրդատու, իսկ հետո՝ իրավաբան-խորհրդատու»,- պատմել է Մինասյանը:

Անդրանիկն այսօր երկրի առաջատար՝ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) Թբիլիսիի գրասենյակում որպես փաստաբան է աշխատում և ունի երեխաների իրավունքների նեղ մասնագիտացում, նաև Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի (GBA) անդամ է: