Մինսկում հետընտրական կրքերը չեն հանդարտվում․ կա 1 զոհ

105

Բելառուսում նախագահական ընտրություններին հաջորդած երկրորդ օրը բախումները Մինսկում ուժայինների և ցուցարարների միջև շարունակվել են, 1 զոհ կա։ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է ցուցարարների շրջանում զոհի մասին լուրը։

Ուժայինները Մինսկի կենտրոնում լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել։ Նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան Լիտավյում է։ Այդ մասին հայտնել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչուսը՝ նշելով, որ նրա անվտանգությանը ոչինչ չի սպառնում։

Ավելի վաղ Տիխանովսկայան հայտարարել էր, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները։ Ըստ նրա շտաբի՝ իրենց թեկնածուն չի մասնակցելու բողոքի ակցիաներին։

Օգոստոսի 10-ի առավոտյան ԿԸՀ-ն հայտարարել էր, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է 84.23%։ Ընդդիմադիրների ստեղծած ալտերնատիվ «Գոլոս» հարթակում ընտրությունների արդյունքների պատկերը ճիշտ հակառակն էր։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսի տարբեր կետերում նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո վերսկսել էին հակաիշխանական ցույցերը։ Իրավապահները բիրտ ուժ և հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Կան հազարավոր ձերբակալվածներ ու վիրավորներ։